Արմինֆո. Մոսկվայի մարզային զինվորական դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել գործարար Արամ Պետրոսյանին, ով 2016 թվականի օգոստոսին զավթել էր <<Սիթիբանկի>> բաժանմունքը:
Դատարանը Պետրոսյանին մեղավոր է ճանաչել <<Սիթիբանկի>> բաժանմունքում ահաբեկչության և պատանդառության համար: Դատավճռի համաձայն, Պետրոսյանը պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում: Դատավճիռը նաև սահմանում է, որ Արամ Պետրոսյանը պատիժը կրելուց հետո մեկ տրավա ընթացքում չպետք է հեռանա Մերձմոսկվայի սահմաններից և չպետք է փոխի մշտական բնակության վայրը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի օգոստոսին Արամ Պետրոսյանը չորս հոգու պատանդ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող <<Սիթիբանկի>> բաժանմունքում` սպառնալով պայթեցնել այն: Հետո նա մեկ առ մեկ ազատ էր արձակել պատանդներին և հանձնվել իրավապահներին: Իսկ առարկան, որով նա սպառնացել էր, պարզվել էր` մուլյաժ է: Հարցաքննության ընթացքում Պետրոսյանը հայտարարել է, որ այդպիսով ցանկացել է ուշադրություն հրավիրել սնանկությունների խնդրին: