Արմինֆո. Եվրամիությունը պատրաստվում է Հայաստանի հետ ընդլայնված և համապարփակ գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրմանը: Սեպտեմբերի 6-ին Երևանում այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին` <<Էրասմուս +>> ծրագրի շնորհանդեսի հարթակներում:
Դիվանագետը տեղեկացրել է, որ առավոտյան է Երևան ժամանել Բրյուսելից: Նրա ասելով, ելնելով փաստաթղթի ստորագրման համար պատասխանատու մարդկանց հետ զրույցներից, կարելի է ասել, որ ամեն ինչ առաջ է ընթանում իր հունով: <<Մարդիկ եռանդագին աշխատում են, որպեսզի կարողանանք նոյեմբերին իրականության վերածել փաստաթղթի ստորագրումն Արևելյան գործընկերության Բրյուսելի գագաթնաժողովում: Մեր կողմից, ԵՄ կողմից մենք նախապատրաստում ենք ամեն ինչ` թե թուղթը, թե թանաքը` նոյեմբերի գագաթնաժողովում համաձայնագրի ստորագրման համար>>, - ասել է Սվիտալսկին:
Հայաստանի նախագահն օգոստոսի վերջին հայտարարել էր, որ ոչ մի խոչընդոտ չկա նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովում Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության շուրջ համաձայնագրի ստորագրման համար:
Ացվելի վաղ ԱրմԻնֆո-ն հաղորդել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը փետրվարի 27-ին Բրյուսելում հայտարարել էին նոր շրջանակային համաձայնագրի շուրջ Հայաստան-ԵՄ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Իսկ մարտի 21-ին Երևանում Հայաստանն ու ԵՄ-ն նախաստորագրել էին համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը, որը նախատեսվում է ստորագրել աշնանը Բրյուսելում` Արևելյան գործընկերության գագաթնաժողովում:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին և բարձր ներկայացուցչին լիզորել էր բանակցություններ սկսել Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ: Նոր համաձայնագիրը կփոխարինի Հայաստանի և ԵՄ միջև ընթացիկ համաձայնագիրը: Նոր համապարփակ համաձայնագրում նշվում է, որ ԵՄ ձգտում է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման բոլոր այն բնագավառներում, որոնք փոխադարձ հետարքրություն են ներկայացնում Արևելյան գործընկերության շրջանակում: Նույն տարվա դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ կենտրոնակայանում հայտարարել էին Հայաստանի և ԵՄ միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին: 2016 թվականի հունվարին կայացել էր բանակցությունների առաջին փուլը: