Արմինֆո.ԼՂՀ պաշտպանության բանակն առայժմ հակառակորդի խորը թիկունքում հետախուզում իրականացնելու համակարգեր չունի: Սեպտեմբերի 4-ին ՀՅԴ կազմակերպած «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունը և մեր գործողությունները» խորհրդաժողովում այդ մասին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի վարիչ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:
Նրա ասելով, մինչև նախորդ տարվա ապրիլյան պատերազմը ԼՂՀ պաշտպանության բանակում չկային անհրաժեշտ քանակությամբ գիշերային և ցերեկային դիտարկման համակարգեր, ինչպես նաև խորը հետախուզում իրականացնելու համար սարքեր: Սակայն ապրիլյան պատերազմից հետո կարճ ժամկետում առաջնագիծը լիովին ապահովվել է նման համակարգերով: Այսօր մենք ունենք համակարգեր, որոնք թույլ են տալիս առցանց ռեժիմով հետևել առաջնագծում առկա իրավիճակին և, ելնելով հակառակորդի գործողություններից, կայացնել այս կամ այն որոշումը: Սակայն այսօր ևս մենք չեն կարող խորը հետախուզում իրականացնել հակառակորդի թիկունքում», - նշել է Առուստամյանը:
Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն, իր հերթին, պատասխանելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչով է պայմանավորված նման համակարգերի բացակայությունը, մասնավորապես, հայտարարել է, որ այսօր հայկական զինված ուժերը կարող են հետախուզում իրականացնել հակաառակորդի տարածքի մինչև 12-15 կմ խորությամբ: «Այն, ինչի մասին խոսում է պարոն Առուստամյանը, վերաբերում է ավելի խորը հետախուզությանը, որն իրակնացվում է ԱԹՍ միջոցով: Բայց եթե մենք այսօր այդ մասին խոսում ենք, դա չի նշանակում, թե մենք այդ ուղղությամբ չենք աշխատում: Այսօր իրականացվում են բոլոր գործողությունները մեր զինված ուժերի բոլոր կարիքները հոգալու համար», - ասել է Զաքարյանը: Նա նաև նշել է, որ այսօր հայկական ԶՈՒ կարող են հետևել հակառակորդի գործողություններին մինչև 15 կմ խորությամբ, հետևաբար, պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման առաջնագծում և ահազանգել վտանգի մասին առնվազն երկու օր առաջ ու պատարստ լինել կասեցնելու հակառակորդի ագրեսիան: