Արմինֆո. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համոզված է, որ եթե հավասար, անբաժանելի անվտանգությունն իսկապես ընդուներ իրավաբանորեն պարտավորեցնող ձև, ապա շատ հակամարտություններ, որոնք պահպանվում են Եվրոպայում, վաղուց արդեն կարգավորված կլինեին:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այդպիսի տեսակետ է հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ: «Դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի ու Մերձդնեստրի հակամարտություններին: Իսկ ուկրաինական ճգնաժամն, ընդհանրապես, չէր լինի», - ասել է Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Ռուսաստանն ի զորու է իր ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանել հյուսիսատլանտյան դաշինքին առնչվող իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում: «Հատկապես տագնապ են հարուցում եվրատլանտյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխմանն ուղղված ՆԱՏՕ-ի համառ ջանքերը, ներառյալ Ռուսաստանին սահմանակից շրջաններում ռազմական ներկայության ու ենթակառուցվածքների ավելացումը: Նրանց համար, ովքեր նման ոչ կառուցողական գործողություններ են նախաձեռնում, արդեն հասկանալի է, որ ՆԱՏՕ-ին առնչվող իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում մենք կարող ենք հուսալիորեն ապահովել մեր երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: