Արմինֆո.ԱՄՆ հպարտորեն կանգնած է Հայաստանի կողքին՝ որպես հուսալի գործընկեր և ակնկալում է համագործակցության հետագա խորացում: Այդ մասին անվտանգության ոլորտում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ Ջորջ Մարշալի անվան կենտրոնի շրջանավարտների հետ քննարկումների ընթացքում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Տարիների ընթացքում Հայաստանի մասնակցությունը Մարշալի կենտրոնի տարբեր ծրագրերին իր ազդեցությունն է ունեցել ոչ միայն այն մոտեցումների վրա, որոնք ցուցաբերում են հայ առաջնորդները և որոշում կայացնողները անվտագության ոլորտում, այլ նաև՝ Հայաստանի ավելի լայն ներգրավվածության վրա Եվրոատլանտյան և անվտանգության հարցերում: Մարշալի կենտրոնի շրջանավարնտները տարիների ընթացքում նպաստել են գործընկերության և շարունակական բարեկամության ամրապնդմանը, և տուն են վերադարձել՝ բերելով նոր գաղափարներ, որոնք կիրառել են Հայաստանում։ Նրանք նաև նպաստել են, որպեսզի Հայաստանը և Կովկասի առջև ծառացած մարտահրավերները ավելի ընկալելի լինեն Վաշինգտոնում և Եվրոպայի շատ մայրաքաղաքներում», - նշել է դեսպանը:
Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Գերմանիայի դեսպան Մաթիաս Կիսլերը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը։
1995թ-ից ի վեր ավելի քան 240 հայ է մասնակցել Ջորջ Մարշալի կենտրոնում անցկացվող դասընթացներին և համաժողովներին։ Սա Գերմանիայի Գարմիշ քաղաքում գտնվող անվտանգության և պաշտպանության հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող ամերիկա-գերմանական հաստատություն է, որն աշխատում է ժողովրդավարության զարգացման ուղղությամբ վստահության և բարեկամության միջոցով ։ Մարշալի կենտրոնի ծրագրերի մասնակիցները զբաղվում են անվտանգության, անվտանգության ազգային ռազմավարությունների, պաշտպանական պլանավորման, ճգնաժամային կառավարման, կիբեր անվտանգության և հակակոռուպցիոն ծրագրերի հարցերի լայն շրջանակի ուսումնասիրությամբ։
Ջորջ Մարշալի անվան անվտանգության հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Քիթ Դեյթոնի ելույթին հաջորդել է շրջանավարտների միջև երկու քննարկում։ Առաջինը նվիրված էր Հայաստանի պաշտպանության ու արտաքին քաղաքականության մոտեցումներին, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի հարաբերությունները ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի, ինչպես նաև իր հարևանների հետ։ Երկրորդ քննարկումը նվիրված էր Հարավային Կովկասի առջև ծառացած մարտահրավերներին անվտանգության ոլորտում, որի ընթացքում անդրադարձան կոռուպցիային, որպես ազգային անվտանգության մարտահրավերի, և ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը, որպես գլոբալ սպառնալիքների։