Արմինֆո. ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վեց տարրերը նոր չեն: Օգոստոսի 31-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այն տարրերը, որոնք նա վկայակոչել է, նոր չեն: Դրանք բազմիցս վկայակոչել են Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները` 2009-2014թթ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություններում», - նշել է Զախարովան:
Անդրադառնալով Էնդրյու Շեֆերի նշանակմանը ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի պաշտոնում ` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան ողջունում է այդ նշանակումը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, որին փոխարինել է Էնդրյու Շեֆերը, պաշտոնից հեռանալուց առաջ հրապարակել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը:
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության եւ ինքնավարության երաշխիքներ։
Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որեւէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:
Հարատեւ կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:
Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»,- նշել է համանախագահը:
Արմինֆո.ԱՄՆ պաշտոնապես Էնդրյու Շեֆերին նշանակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտական համանախագահ: