Արմինֆո. Հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտարկման ընթացքում ադրբեջանական կողմից հնչած կրակոցներն ուղղված են ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը նպատակաուղղված Վիեննայի և Պետերբուրգի փաստաթղթերի: ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպես է արձագանքել այսօր հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
«Այն, ինչ տեղի է ունեցել այսօր, անթույլատրելի է, դա ադրբեջանական կողմի ցինիզմի գագաթնակետն է, որը, ըստ երևույթին, ոգեշնչվելով միջազգային հանրության հանդուրժողականությունից, դիմում է նոր, ավելի ու ավելի հանդուգն սադրանքների», - նշել է փոխխոսնակը, ընդգծելով, որ գոնե այս անգամ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է գործուն քայլեր ձեռնարկի` ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության տաք գլուխները սառեցնելու նպատակով:
Նշենք, որ այսօր հայ-ադրբեջանական պետական սահմանին՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ ԵԱՀԿ հերթական դիտարկման ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել: Այդ մասին twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հետագայում այդ տեղեկատվությունը հաստատել է նաև Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Մինչդեռ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, թե հայ-ադրբեջանական սահմանին հերթական դիտարկումն անցել է առանց միջադեպերի:
Արմինֆո.ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի անդատի համաձայն՝ օգոստոսի 31-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ, տեղի է ունեցել հերթական դիտարկումը: