Արմինֆո.ՌԴ քաղաքացիներն ԱՄՆ ոչ ներգաղթի վիզա ստանալու համար կարող են դիմել Հայաստանում ԱՄՆ դեսպանություն:
«Հաշվի առնելով Ռուսաստանի տարածքում ԱՄՆ դիվանագիտական անձնակազմի թվաքանակի կրճատման վերաբերյալ Ռուսաստանի կառավարության որոշումը` Ռուսաստանի որոշ քաղաքացիներ հնարավոր է, որ ԱՄՆ վիզա ստանալու համար դիմում ներկայացնեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը: Վիզայի համար դիմելիս սովորաբար խորհուրդ է տրվում դիմում ներկայացնել դիմողի բնակության երկրում, սակայն ԱՄՆ հյուպատոսական գրասենյակները ընդունում են նաև դիմումներ երրորդ երկրի քաղաքացիներից, ովքեր ֆիզիկապես գտնվում են տվյալ երկրում, սակայն այդ երկրի ռեզիդենտ չեն: Հաշվի առնելով վերոհիշյալը` Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձինք կարող են ոչ ներգաղթային վիզայի դիմում ներկայացնել Երևանում ԱՄՆ դեսպանատանը:
ԱՄՆ օրենքների ու կանոնակարգերի համաձայն ոչ ներգաղթային վիզայի համար դիմող անձինք պետք է փաստարկեն, որ Միացյալ Նահանգներից դուրս ունեն բնակության վայր, որը լքելու մտադրություն չունեն: Այդ բնակավայրը պարտադիր չէ, որ լինի այն երկրում, որտեղ ներկայացվել է վիզայի դիմումը: Այնուհանդերձ, երրորդ երկրում վիզայի դիմում ներկայացնող անձինք պետք է իմանան, որ լեզվական դժվարություններով պայմանավորված ու հարցազրույց վարող պաշտոնյայի կողմից իրենց երկրի իրավիճակին ոչ լավատեղյակ լինելու պատճառով ձեր բնակության երկրի համեմատ, թերևս, ավելի դժվար կլինի ի ցույց դնել, որ դուք իրավասու եք ստանալ ոչ ներգաղթային վիզա», - ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ շուրջ 750 դիվանագետների Ռուսաստանից արտաքսելու որոշումից հետո ԱՄՆ օգոստոսի 23-ից դադարեցրել է ողջ Ռուսաստանում ԱՄՆ ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը: