Արմինֆո. «Դիլիջան» ազգային պարկի երեք տեղամասերի պահպանությունը սեպտեմբերից կիրականացնի մասնավոր ընկերություն:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երեկվա նիստում ընդունված որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Բնապահպանության նախարարությանը՝ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների և այլ միջոցառումների կատարման համար: Մասնավորապես, գումար կհատկացվի «Դիլիջան» ազգային պարկին՝ երեք տեղամասերի պահպանությունը մասնավոր պահնորդական ծառայության միջոցով իրականացնելու համար: Կարեն Կարապետյանը նշել է, որ սա պահպանումը մասնավոր ընկերությանը պատվիրելու առաջին փորձն է: «Իրավապահ բոլոր մարմիններն զգուշացված են, Դիլիջանում հատուկ հսկողություն ենք սահմանում: Պետք է մոնիթորինգ իրականացնենք, պիլոտային այս ծրագրի արդյունավետությունը գնահատելու համար»,- ասել է վարչապետը:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հավաստմամբ, կառավարությունը 83,8 մլն դրամ կհատկացնի Սևանա լճի 64 հա ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների համար, ևս 15 մլն դրամ կստանա «Դիլիջան» ազգային պարկը` երեք տեղամասերի պահպանությունը մասնավոր պահնորդական ծառայության միջոցով իրականացնելու համար: Հայտամրցույթում հաղթած գնային առաջարկությունը կազմում է 55,5 մլն դրամ, որից 40,5 մլն դրամ կհատկացվի «Դիլիջան» ազգային պարկի միջոցներից: Բացի այդ, 10 մլն դրամկտրամադրվի Կովկասյան բնության հիմնադրամի հաշվին` տեխնիկական սարքավորում ձեռք բերելու նպատակով: Նախարարը նշել է, որ մասնավոր ընկերության հետ պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2017 թվականի սեպտեմբերի 1-ից:
Արմինֆո. Նոյեմբերի 30-ին՝ ժամը 12.17-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի «Դիլիջանե ազգային արգելոցում: