Արմինֆո. ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ նոր բան չի ասել:
«Ամերիկացի միջնորդը որևէ նոր բան չի ասել, նա ասել է այն, ինչի մասին խոսել են համանախագահող երկրները: Եթե նայեք միջնորդ երկրների հինգ հայտարարություններին, ապա այդ կետերի մասով որևէ նոր բան չի ասվել: Հայաստանն արդեն իր վերաբերմունքը հայտնել է այդ հինգ հայտարարությունների առնչությամբ: Այլ բան է, որ Ադրբեջանը խուսափում է ինչ-որ կերպ հրապարակել իր դիրքորշումն այդ ձևակերպումների վերաբերյալ: Ավելին, ոչ միայն խուսափում է, այլև ձևացնում, որ այդպիսի որևէ առաջարկ, սկզբունք կամ տարր գոյություն չունի»,- լրագրողներին հայտարարել է Նալբանդյանը:
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը /նրա փոխարեն կնշանակվի Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնդրյու Շեֆերը- խմբ./ հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը:
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության եւ ինքնավարության երաշխիքներ։
Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որեւէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:
Հարատեւ կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:
Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»,- նշել է համանախագահը:
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կետերում որևէ նոր կամ հրատապ բան չկա: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: