Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրապարակած՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կետերում որևէ նոր կամ հրատապ բան չկա: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նշենք, որ երեկ ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը /նրա փոխարեն կնշանակվի Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնդրյու Շեֆերը- խմբ./ հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը:
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:
Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության եւ ինքնավարության երաշխիքներ։
Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որեւէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:
Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:
Հարատեւ կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:
Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»,- նշել է համանախագահը:
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ից նոր համանախագահ է նշանակվել Էնդրյու Շեֆերը: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։
Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: