Արմինֆո. Հայաստանը, Բելառուսը, Ադրբեջանը և Թուրքիան իրենց ուժերն ուղղել են Բորժոմիի կիրճում հրդեհի մարմանը:
Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, օգոստոսի 23-ի առավոտյան վեց ուղղաթիռ և մեկ ինքնաթիռ ձեռնամուխ է եղել Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում անտառային մասշտաբային հրդեհի մարման աշխատանքներին: «Հրդեհի հիմնական օջախները Բորժոմի կիրճում տեղայնացվել են, սակայն կրակի դեմ պայքարը շարունակվում է: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Վրաստանի ԱԻՆ սահմանային ոստիկանության երկու ուղղաթիռ, Բելառուսի ԱԻՆ մեկ ուղղաթիռ, Ադրբեջանի ԱԻՆ մեկ ուղղաթիռ, ինչպես նաև երկու ուղղաթիռ և մեկ ինքանաթիռ, որոնք տարրերային աղետի գոտի են ուղարկվել Թուրքիայի իշխանությունների կողմից: Հրդեի մարման աշխատանքներում ներգրավված են նաև Հայաստանից և Ադրբեջանից մի քանի տասնյակ հրշեջներ և հատուկ տեխնիկա»,- լրագրողներին հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն: Ըստ որում, նա նշել է, որ չնայած ավիացիայի ներգրավմանը՝ հրդեհի մեկուսացում մոտ օրերս չի սպասվում: Նշենք, որ օգոստոսի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունից Վրաստան է ուղևորվել փրկարար ծառայության շարասյունը՝ 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ (ընդհանուր՝ 57-հոգանոց անձնակազմով), որը դեպքի վայրում կծառայի որպես օպերատիվ գործողությունները համակարգող շտաբ:
Արմինֆո. ՀՀ նախագահի հրահանգով և ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարությունն արագ ձեռնամուխ է եղել հարևան Վրաստանին աջակցությունը կազմակերպելու գործընթացին՝ հաշվի առնելով հրդեհի տարածքում առկա կրակի օջախներին մոտենալու ցամաքային ուղիների առկայությունը: