Արմինֆո. ՀՀ նախագահի հրահանգով և ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարությունն արագ ձեռնամուխ է եղել հարևան Վրաստանին աջակցությունը կազմակերպելու գործընթացին՝ հաշվի առնելով հրդեհի տարածքում առկա կրակի օջախներին մոտենալու ցամաքային ուղիների առկայությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, օգոստոսի 22-ին, ժամը 16.30-ին ՀՀ ԱԻ նախարարությունից Վրաստան է ուղևորվել փրկարար ծառայության շարասյունը՝ 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ (ընդհանուր՝ 57-հոգանոց անձնակազմով), որը դեպքի վայրում կծառայի որպես օպերատիվ գործողությունները համակարգող շտաբ:
ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի միջոցով (Virtual OSOCC ազդարարման համակարգ) Վրաստանի իշխանությունները օգնության հայտ են ներկայացրել միջազգային հանրությանը՝ Բորժոմիում բռնկված անտառային հրդեհի մարմանն աջակցելու խնդրանքով:
Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտարարել էր Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Հայաստանից արդեն մի քանի անձնակազմ Վրաստանի ճանապարհին է: «Մենք շատ կարևոր առաջին օգնություն ստացանք Ադրբեջանից: Օրվա վերջին մեծ հրդեհաշիջող ինքնաթիռ կժամանի Թուրքիայից. այդպիսի որոշում է կայացրել Թուրքիայի վարչապետը, չնայած այն հանգամանքին, որ հենց իրենք նման խնդիրներ ունեն: Ցանկանում եմ նաև նշել, որ Հայաստանի մի քանի անձնակազմեր արդեն ճանապարհին են», - նշել է Կվիրիկաշվիլին:
Բորժոմի-Խարագաուլյան պարկում անտառային զանգվածի հրդեհի մասին տեղեկատվություն էր ստացվել օգոստոսի 20-ին` ժամը 14:30-ի սահմաններում: Ուժեղ քամու պատճառով կրակն արագ տարածվել է 5 հա տարածքում: Երկար ժամանակ չի հաջողվել մոտենալ կրակի օջախին` բարդ ռելիեֆի պատճառով: Հրդեհի մարման համար գործարկվել է Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության ուղղաթիռը: Վրաստանի իշխանությունների խնդրանքով, օգոստոսի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է Վրաստան ուղարկել երկրի ԱԻՆ ուղղաթիռ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև Թուրքիայի հրշեջ ինքնաթիռ: Նաև հայտնի է դարձել, որ Վրաստանը հրաժարվել է Ռուսաստանի առաջարկած օգնությունից: Վերջին տվյալների համաձայն, հրդեհը տարածվել է 15 հա տարածքում: