Արմինֆո.Վարչապետ Կարեն Կարապետյանը չի բացառում արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարների փոփոխությունը, սակայն` միայն այն բանի մանրակրկիտ վերլուծությունից հետո, թե նշված գերատեսչություններն ինչպես են պայքարել երկրում բռնկված աննախադեպ հրդեհների դեմ: Այդ մասին օգոստոսի 21-ին Ծաղկաձորում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը` մեկնաբանելով վերը նշված նախարարների պաշտոնանկության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները:
Վարչապետի ասելով, ինքն իրազեկված է այն մասին, որ ԶԼՄ-ներում գրում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհաշիջման աշխատանքների համար պատասխանատու երկու նախարարների հնարավոր պաշտոնանկության մասին: Միևնույն ժամանակ, կառավարության ղեկավարը կարծում է, որ չարժե ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ գրում են: «Նախ, մենք դեռ ամեն ինչ չենք վերլուծել: Երկրորդ` միթե՟ նախարարներին անմիջապես պետք է հեռացնել տարերային աղետի պատճառով», - ասել է Կարապետյանը:
Նրա կարծիքով, առայժմ հրդեհաշիջման աշխատանքների վերլուծություն չի անցկացվել, չեն բացահայտվել աշխատանքների ուժեղ և թույլ կողմերը, ղեկավար կազմի, տեղական իշխանությունների պատրաստվածության աստիճանը, ԱԻՆ և Բնապահպանության նախարարությունների արձագանքման որակը, չի կարելի հապճեպ հետևություններ անել: «Նախնական գնահատականներ նույնպես չկան: Իսկ եթե անգամ լինեին, ես դրանք չէի հրապարակի, քանի դեռ համոզված չեմ: Իսկ մենք այդ մասին անպայման կհաղորդենք հասարակայնությանը», - հավաստիացրել է գործադիր իշխանության ղեկավարը: