Արմինֆո. Դամասկոսի ցուցահանդեսի տարածքի հրթիռակոծության արդյունքում ՀՀ դիվանագետներն անվնաս են: Այդ մասին ասվում է Սիրիայում Հայաստանի դեսպանության՝ Twitter-ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ:
«Նախնական տվյալներով` տուժածների թվում հայեր չկան: Դեսպանությունն ուշադրությամբ հետևում է իրավիճակի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում կտարածվի լրացուցիչ տեղեկատվությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել ահաբեկիչների կողմից Դամասկոսում միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի հրթիռակոծության մասին: Ցուցահանդեսին ներկայացված էր նաև հայկական տաղավարը: Նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով չորս մարդ զահվել է, կան վիրավորներ:
Դամասկոսում միջազգային արդյունաբերական ցուցահանդեսն այս տարի անցկացվում է վեցամյա ընդմիջումից հետո: Ցուցահանդեսին մասնակցում է 43 պետությունի, որից 20-ը ներկայացված է առևտրային կազմակերպությունների, իսկ 23-ը՝ դեսպանությունների միջոցով: