Արմինֆո. ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը համոզված է, որ անցած տարվա ապրիլյան պատերազմի ընթացում Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին տվյալները, որոնք պարունակվում են Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտապի պետ Նաջմեդդին Սադիկովի՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին հասցեագրված նամակում, առնվազն մի քանի անգամ նվազեցված են:
Նրա խոսքով, հայկական կողմը բազմիցս հայտնել է ադրբեջանական ԶՈւ մի քանի հազար կորուստների մասին: «Նամակում նշվում է, որ 2016 թ. ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ԶՈւ կորուստները կազմել են 558 զոհված և 1293 վիրավոր, ըստ որում՝ նրանցից 98-ը զոհվել է Թալիշ- Աղդարա (Մարտակերտ-խմբ.) ուղղությամբ հարձակողական գործողությունների ժամանակ: Հիշեցնեմ Ձեզ, որ զոհվածների մայրերի հետ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևի հանդիպման ժամանակ ներկա է գտնվել ավելի քան 1000 կին, ինչն արդեն վկայում է այն մասին, որ ադրբեջանական կողմի կորուստները կազմել են առնվազան 1500-ից մինչև 2000 զինծառայող»,- նշել է Բաբայանը:
Ըստ որում, նա համոզմունք է հայտնել, որ ԶԼՄ-ներում այդ փաստաթղթի հայտնվելը կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանում լրջորեն խորանում է ներքաղաքական ճգնաժամը և ներկլանային պայքարը: Միաժամանակ նա չի բացառել, որ փաստաթղթի հրապարակումը նախաձեռնվել է Իլհամ Ալիևի թեթև ձեռքով: «Այդպիսով՝ փորձ է արվում ճնշում գործադրել այս կամ այն ուժայինի վրա: Կարծում եմ նաև, որ նման արտահոսքով փորձ է արվում հասարակության ուշադրությունը շեղել կորուստների իրական քանակից, քանի որ հասարակությունում դժգոհության լուրջ օջախներ կան»,- ասել է Բաբայանը:
Միաժամանակ նա հավաստել է, որ Ադրբեջանում թաքցնում են զոհերի իրական թիվը, և դա արդեն դարձել է լուրջ բիզնես. վաճառվում են այդ երիտասարդների օրգանները, զոհվածների ընտանիքներին հատկացվող գումարներն ամբողջովին չեն հասնում նրանց, կեսը գնում է ռազմական պաշտոնյաների գրպանը: «Եվ այս ցուցակը կարելի է շարունակել. դա շոու է, որը պետք է շարունակվի, և այն շարունակվում է: Իսկ Ադրբեջանի տոտալիտար դինաստիական ռեժիմը դեռևս թույլ է տալիս «փակել» զոհվածների հարազատների բերանները»,- ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղարը: