Արմինֆո.Իսրայելում ավանդույթ կա, որ այս կամ այն պատմական իրադարձության մեկնաբանման հետ կապված, որպես կանոն, քաղաքական որոշում չի ընդունվում: Այդ մասին «Ինտերֆաքս-Ուկրաինայի» հետ հարցազրույցում հայտարարել է Իսրայելի շրջակա միջավայրի պահպանության հարցերի նախարար, Երուսաղեմի և ժառանգության հարցերի նախարար Զեև Էլկինը՝ պատասխանելով այն հարցին, թե հավանական է արդյոք, որ Քնեսեթն ուկրաինական Գոլոդոմորը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին բանաձև կընդունի:
Նրա խոսքով, նման հարցերն առավելագույնս դրվում են քննարկման: «Օրինակ՝ հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչումը: Իսրայելում այդ թեման մի քանի անգամ քննարկվել է խորհրդարանում, բայց ոչ մի անգամ դեկլարատի որոշում չի կայացվել, չնայած այն բանին, որ գրեթե բոլոր արևմտյան խորհրդարաններում այդ առնչությամբ դեկլարատիվ որոշումներ են ընդունվել: Իսրայելի խորհրդարանը կարծում է, որ անցյալի հարցերը պետք է լուծվեն ոչ թե քաղաքական գործիչների, այլ պրոֆեսիոնալների կողմից՝ որպես պրոֆեսիոնալ դիսկուրսի մաս: Այդ պատճառով չեմ կարծում, թե որևէ դեկլարատիվ որոշում կընդունվի Գոլոդոմորի հարցով, ինչպես և այս կամ այն ժողովուրդի պատմությունների այլ ծանր ողբերգական էջերի հետ կապված, քանի որ դա չի համապատասխանում մեր խորհրդարանական ավանդույթին։ Մեր խորհրդարանական ավանդույթում, որպես կանոն, նման կարգի հայտարարություններ չեն ընդունվում»,- ասել է Էլկինը:
Նշենք, որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ հարցը բազմիցս ընդգրկվել է Քնեսեթի օրակարգում, սակայն տեղաշարժեր դեռ չկան: Փորձագիտական շրջանակներում գտնում են, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման հիմնական պատճառները Թուրքիայի կողմից ճնշումը և իսրայելական հասարակության որոշակի խմբերի հակազդեցությունն է, ովքեր վախենում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կվնասեր Հոլոքոսթի եզակիության մասին պատկերացմանը: Ինչպես նշում են վերլուծաբանները, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է նաև լրջորեն փչացնել հրեական պետության հարաբերություններն Ադրբեջանի հետ, որը համարվում է Իսրայելի ռազմավարական գործընկերը՝ ընդդեմ Իրանի: