Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի հրդեհաշիջման ընթացքի, ինչպես նաև հանրապետության ամբողջ տարածքում տևական ջերմային բարձր ֆոնի և տեղումների բացակայության պայմաններում անտառամերձ ու անտառային գոտիներում առաջացած հրդեհավտանգ իրավիճակի պատշաճ վերահսկողության, կանխարգելիչ աշխատանքների իրականացման, առաջացած հրդեհների պատճառների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների, բնությանը և գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի ուսումնասիրման, դրա վերականգնման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկվել է նաև ստեղծված իրավիճակում նոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, խորհրդակցությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, արտակարգ իրավիճակների, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարները, նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավարը, արտաքին գործերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարների տեղակալներ, նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Հանրապետության նախագահին զեկուցվել է նաև հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների վերաբերյալ:
Ոլորտների պատասխանատուները զեկուցել են, որ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները, և այս պահին եղած հնարավորությունները բավարար են պետական արգելոցի տարածքում առաջացած խնդիրը լուծելու համար, հրդեհավտանգ բոլոր հատվածներում իրականացվում է ամենօրյա ուժեղացված հսկողություն:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց և կառույցներին, ովքեր այս ամբողջ ընթացքում պայքարել են հրդեհների դեմ: Նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել նաև ՌԴ գործընկերներին, ովքեր օպերատիվ արձագանքելով հայ գործընկերների աջակցության խնդրանքին, այժմ ակտիվորեն ներգրավված են հրդեհաշիջման կարևոր աշխատանքներում:
Խորհրդակցության արդյունքներով հանրապետության նախագահը հանձնարարել է շարունակել իրավիճակը պահել խիստ հսկողության տակ և պարբերաբար զեկուցել հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Նախօրեին Հայաստան ժամանած ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը Երևանի «Էրեբունի» օդանավակայանից արդեն երեք թռիչք է իրականացրել հրդեհի վայր: Որոշ տվյալների համաձայն, Վայոց ձորում այրվել է 700 հա գիհուտ` Արտավան գյուղի մերձակայքում և ավելի քան 1000 հա` Խոսրովի արգելոցում: Հրդեհներն կսվել էին օգոստոսի 10-ին շոգ եղանակի պատճառով և քամու հետևանքով արագ տարածվել են բարդ ռելիեֆային տարածքներում: Հայաստանի ԱԻՆ սեփական ուժերով հրդեհը մարելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել` չափազանց սահմաանփակ տեխնիկական հնարավորությունների պատճառով, ինչի առնչությամբ օգնության հարցում է ուղարկվել Ռուսաստանի գործընկերներին: Վարջին տվյալների համաձայն, Վայոց ձորում հրդեհը տեղայնացվել է: