Արմինֆո. ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-ին՝ ժամը 09:21-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:
Ժամը 09:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էր երկու մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար և 1 հրամանատար) և անտառտնտեսության 18 աշխատակից, իսկ «Լիդիան Արմենիաե 1 ջրատար ավտոմեքենան իրականացնում է հերթապահություն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:05-ին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք:Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ, բռնկվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրկվել էր Արտավան գյուղը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն Արտակարգ իրավիճակների նախարարության, այլև Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Բնապահպանության նախարարության, Գյուղատնտեսության նախարարության ստորաբաժանումները, տեղական իշխանության և մասնավոր հատվածի, մասնավորապես, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ: