Արմինֆո. Օգոստոսի 12-13-ը հայրենական ռոք-երաժշտության հազարից ավելի սիրահարներ էին հավաքվել Ծաղկաձորում EPIC Rock Fest փառատոնին, որն անցել բաց երկնքի ներքո: Փառատոնին մասնակցել են Հայաստանում մեծ ժողովրդականություն վայելող ռոք-երաժիշտներ, որոնց թվում` Գոռ Սուջյանը, «Էմփիրեյ» խումբը, «Ոստան հայոցը», Dogma, Mad Paradox, Nemra, Fairwind, The Windrose:
«Ի սկզբանե փառատոնը նախատեսվում էր միայն EPIC Summer School մասնակիցների համար, իսկ Հայաստանի ռոք-երաժիշտների ասոցիացիայի նախագահ Վարդան Գրիգորյանի հետ հանդիպումից հետո որոշեցինք չսահմանափակվել մեր ամառային դպրոցի մասնակիցներով, այլ կազմակերպել Open-Air փառատոն` հավաքելով ռոք-երաժշտության սիրահարների ավելի լայն շրջանակ: Առավել ևս, որ Հայաստանում որակյալ երաժշտությանն առնչվող միջոցառում անցկացնելու գաղափարը վաղուց էր գլխումս պտտվում», - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է փառատոնի կազմակերպիչ, EPIC նախագծի համակարգող Գևորգ Ավետիսյանը:
Նրա ասելով, փառատոնը կանցկացվի ամեն տարի օտաերկրյա հյուրերի ներգրավմամբ` ինչպես որպես հանդիսատես, այնպես էլ որպես երաժիշտներ: Այն հանգամանքը, որ կազմակերպիչները սահմանափակվել էին միայն հայրենական երաժիշտների հրավիրելով, Գևորգ Ավետիսյանը բացատրել է միջազգային երաժիշտների պահանջած բարձր հոնորարներով: Սակայն, համակազմակերպչի կարծիքով, հաջորդ տարի փառատոնը կըդլայնի ռոք-խմբերի և հյուրերի աշխարհագրությունը` «էպիկական» ռոք-փառատոնի մասնակիցների քանակի առումով:
«Գաղտնիք չէ, որ զարգացած երկրներից Հայաստան են ժամանում, հիմնականում, 60 տարեկանից ավելի տարիքով զբոսաշրջիկներ: Իսկ մենք ցանկանում ենք նման նախաձեռնությունների միջոցով Հայաստանով հետաքրքրել օտարերկյա երիտասարդությանը», - ընդգծել է Գ.Ավետիսյանը: Նրա ասելով, ծախսված ռեսուրսները յուրօրինակ ավանդ են ապագայի համար, քանի որ փառատոնը կլինի շարունակական բնույթի: Մինչդեռ, կազմակերպիչներից մեկը ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է, որ ռոք-փառատոնի առաջին օրը սպառվել է 1 մլն դրամից ավելի գումարի գարեջուր:
Սակայն, չնայած գերազանց կազմակերպված փառատոնին, դրան մասնակցող երաժիշտները նշել են, որ հանրությունը փոքր-ինչ պասիվ է: «Եթե վերադառնանք 2007-2008 թթ., կարող եմ ասել, որ այն ժամանակ Հայաստանում կար հզոր ռոք-շարժում, և զգացվում էր ռոքի ոգին: Իսկ այսօր երաժիշտները, կարելի է ասել, վախենում են: Սակայն մեկ-երկու տարի անց Հայաստանում կձևավորվեն լավ ռոքխմբեր: Ամեն ինչ դրան է տանում», - ասել է հայկական Fairwind ռոքխմբի հարվածողը: Խմբի մեներգչի ասելով, «սառույցն, այնուամենայնիվ, կոտրվել է»` հայկական ռոք-ոգու վերածննդի առումով: «Տեսնում եմ, որ շատ մարդ է եկել, սակայն պատշաճ ակտիվություն չի դիտվում: Կարծում եմ, խնդիրն այն է, որ հայ ունկնդիրը դժվար է բացվում: Սակայն մենք դա կհաղթահարենք: Մեր երաժշտությամբ մենք պետք է պատեր ջարդենք ոչ միայն մեր ներսում, այլև ունկնդիրների շրջանում: Եվ, կարծում եմ, որ ամեն ինչ կստացվի, քանի որ մեր ժողովրդին բնորոշ է պատեր «կոտրելը»` հազարամյակների ընթացքում, իր կայացման ողջ ճանապարհին», - ասել է նա:
EpicRockFest փառատոնն իրագործվել է Armenia Travel զբոսաշրջային ընկերության և «EPIC» ՍՊԸ նախաձռնությամբ: Որպես գլխավոր հովանավոր հանդես է եկել «Ռոստելեկոմ Արմենիա» հեռահաղորդակցության ընկերությունը: Տեղեկատվական աջակցությունն իրականացրել են «Ռադիո Վանը» և «Հայ ռադիոն»: Ուղիղ հեռարձակումն ապահովել է HD Studio-ն: Փառատոնն անցել է Հայաստանի Ռոք-ասոցիացիայի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման պետական կոմիտեի աջակցությամբ: