Արմինֆո.ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառե պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 14-ին, ժամը 06:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ:
Հիշեցնենք, որ Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառե պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության Զիմա կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: