Արմինֆո. ՀՀ իրավապահ մարմինները զբաղվում են Հայաստան բանանի ներկրմամբ զբաղվող «Տրոպիկա» ՍՊԸ գույքի վնասման գործով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել է ՍՊԸ սեփականատեր Վահրամ Միրաքյանը, իրավապահների վարկածով՝անհայտ անձինք ծծմբաթթու էին լցրել ընկերության սառնարանների կոմպրեսորների վրա, սակայն փորձաքննության վերջնական տվյալները դեռ չկան: Ավելի վաղ Միրաքյանը Facebook-ի իր էջում գրել էր, «եթե ընկերության աշխատակիցները ժամանակին գլխի չընկնեին, կփչանար 20 տոննա բանան, որը, սակայն, հասցրել են տեղափոխել այլ սառնարաններ»:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Վահրամ Միրաքյանը հայտարարել է, որ
«Տրոպիկա» ՍՊԸ-ն բանանի ներմուծմամբ է զբաղվում 2016 թ. վերջից, և արդեն հասցրել է 80 տոննա միրգ ներմուծել Ինդոնեզիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Էկվադորից: «Մենք երբեք խնդիրներ չենք ունեցել ոչ մաքսատանը, ոչ այլ պետական մարմինների հետ»,- հավաստիացրել է Միրաքյանը՝ ընդգծելով, որ կատարվածն անսպասելի էր իր համար, քանի որ երբեք որևէ մեկի հետ կոնֆլիկտներ չի ունեցել և ավելի վաղ որևէ սպառնալիք չի ստացել: Ըստ որում, գործարարն ընդգծել է, որ կշարունակի զբաղվել երկիր բանանի ներմուծմամբ:
Նա նաև նշել է, որ միջադեպի հետևանքով ընկերությունը նյութական լուրջ վնաս չի կրել, քանի որ սառնարաները հաջողվել է լվանալ, և դրանք կրկին սկսել են աշխատել: Միջադեպը գործարարը կապում է իր կոմերցիոն գործունեության հետ, քանի որ անձնական թշնամիներ չունի:
Նշենք, որ Հայաստան բանանի և արևդարձային մրգերի հիմնական ներմուծողը «Քեթրին Գրուպ» ընկերությունն է, որը պատկանում է Հանրապետական կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Միհրան Պողոսյանին: Էկվադորից Հայաստան բանանի ներմուծմամբ զբաղվում է նաև «ArmEk trading» ընկերությունը, որը պատկանում է սնանկացած գործարար, Հանրապետական կուսակցությունից նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի փեսային: