Արմինֆո. Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներն առաջին հերթին կախված են Հայաստանից, այլ ոչ թե՝ Երևանում կառուցվող չինական դեսպանատան նոր շենքի չափսերից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Օգոստոսի 9-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանում Չինաստանի դեսպանատան նոր շենքի հիմնարկեքը: Նոր դեսպանատան կառուցումը կավարտվի 2 տարի անց: Չինական դեսպանության նոր տարածքը կկազմի 40 հազար քմ և կլինի Հայաստանում ամենամեծ դեսպանատներից մեկը:
Հիմնարկեքի արարողության ժամանակ դեսպան Թիան Էրլունը նշել է Հայաստանում ներկայությունն ընդլայնելու Չինաստանի մտադրությունը:
ՉԺՀ արտաքին գործերի նախարարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնականի հետ հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում են որպես արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Հայաստանում Չինաստանի դեսպանատան նոր շենքի կառուցումը Հարավային Կովկասի նկատմամբ ՉԺՀ հետաքրքրության ավելացման նշան է համարել:
«Կարծում եմ՝ հայ-չինական հեռանկարները կախված են սեփական շահերն առաջմղելու Երևանի ազատության աստիճանից: Այդ ճանապարհին հանգնած է ԵԱՏՄ կանոնադրությունը, Մոսկվայի կարծիքը, սակայն, կարծում եմ, որ հարաբերություններ կառուցելով ԵԱՏՄ հետ՝ Երևանը պետք է բացառությունների քաղաքականություն վարի»,- ընդգծել է փորձագետը:
Այս առումով Իգիթյանը նշել է Չինաստանում արտադրված սպառազինությունների Հայաստան մատակարումների շուրջ պայմանավորվածությունների առկայությունը՝ ընդգծելով ռազմական հզոր արդյունաբերություն ունեցող երկրի հետ Հայաստանի համագործակցության մեծ ներուժը: Փորձագետն ընդգծել է նաև Պեկինի ծանրակշիռ տեղը, վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Չինաստանի հնարավոր դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
«Դեսպանատան մեծ շենք, իհարկե, անհրաժեշտ է: Սակայն, դա ամենևին մեր երկրի հետ հարաբերությունը խրախուսող գլխավոր խթանը չէ: Վերջին ժամանակներս Չինաստանն ավելի ծանրակշիռ դեր է սկսում խաղալ Հարավային Կովկասում, սակայն վերջինիս ներկայությունը Հայաստանի տնտեսութունում, քաղաքականությունում դեռ սահմանափակ է»,- ասել է Իգիթյանը: