Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման առնչությամբ որևէ հստակություն առայժմ չկա, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, այսօր պայմանավորվածություն կա միայն սեպտեմբերին Նյու Յորքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման մասին, որի ժամանակ կքննարկվեն բանակցությունների շարունակման համար համապատասխան պայմաններ ստեղծելու հարցերը:
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք Մինսկի միջնորդների կոզմից հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկների ներկայացումը, Նալբանդյանը նշել է. «Նոր հեծանիվ հորինելը դժվար է: Մենք բանակցություններ կանցկացնենք այն բանի շուրջ, ինչ արդեն կա: Բանակցություններն այլընտրանք չունեն»:
Ավելի վաղ «Արմենիա» հեռուստաընկերությանը հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր ընթացիկ տարվա աշնանն ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման հնարավորության մասին: Նա նույնիսկ հավաստիացրել էր, որ այդ մասին արդեն նախնական համաձայնություն է ձեռք բերվել Մինսկի միջնորդների հետ: Ավելի ուշ «Իզվեստիան», վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, գրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մինչև ընթացիկ տարվա վերջը՝ Մոսկվայի նախաձեռնությամբ: