Արմինֆո. Ղարաբաղի խնդիրը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ուշադրությունը դեռեւս չի գրավել, սակայն հաջորդ մի քանի ամիսների ընթացքում դա կարող է փոխվել, «Ամերիկայի Ձայնին» ասել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթը:
Նրա ասելով, ներկա պայմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հնարավոր հանդիպումը կրելու է, հիմնականում, խորհրդանշական բնույթ: «Նախագահների հանդիպումը կնշանավորի լարման թուլացում, որը դրական է, սակայն, ես դեռ չեմ տեսնում խնդրի ողջամիտ կարգավորման որեւէ հիմք», - նշել է նա:
Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Ռուբինի համոզմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար խոչընդոտ են հանդիսանում խնդրի մեջ ներգրավված բազմաթիվ կողմերի շահերը:
«Եթե խնդիրը վերաբերեր միայն երկու երկրներին, այն հավանաբար արդեն կարգավորված կլիներ, սակայն, Ռուսաստանի նման պետությունները ցանկանում են պահպանել հակամարտությունը», - հայտարարել է փորձագետը:
Մերձավոր Արեւելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի վերլուծաբան Աննա Բորշեվսկայան, իր հերթին, կարծիք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների համար Լեռնային Ղարաբաղի խնդիրն առաջնային է, սակայն, դրա կարգավորման մեջ Ռուսաստանի մասնակցությունն իրականում կարգավորմանը չի օգնում:
«Ռուսաստանը ցանկանում է այս հակամարտության մեջ լուրջ դեր խաղալ, իսկ եթե չլինի հակամարտություն, չի լինի նաեւ այդ դերը», - նշել է Բորշեվսկայան: