Արմինֆո. Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» սահմանային հսկիչ անցակետում բազմակիլոմետրանոց խցանում է գոյացել: Սահմանի մոտ կուտակվել է ավելի քան 500 մեքենա Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից, հաղորդում է Ռուսաստանի առաջին հեռուստալիքը:
Խցանումների վայրում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում փրկարարներն ու բժիշկները` արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով: Սահմանի հատմանն սպասելու ժամանակը միջին հաշվով 6 ժամ է: «Վերին Լարս» անցակետի մոտ տեղակայվել են ՃՊԾ և ՊՊԾ լրացուցիչ կարգախմբեր: Սահմանի հատմանն սպասողների համար կազմակերպվել է խմելու ջրի առաքում: «Վերին Լարս» անցակետը միակ ցամաքային մուտքն է Ռուսաստանից Վրաստան, իսկ այնտեղից` Հայաստան: