Արմինֆո.ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, իսկ չինական կողմից՝ արտաքին գործերի նախարարի օգնական Լի Հուիլայը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-չինական հարաբերությունների, այդ թվում՝ երկու երկրների միջև քաղաքական երկխոսության, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության, առևտրատնտեսական, մշակութային ու կրթական կապերի, զբոսաշրջային հոսքերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի համալրման, հյուպատոսական փոխգործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ:
Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել վերջին տարիներին երկու երկրների միջև դինամիկ զարգացող հարաբերությունների և նկատելի ձեռքբերումների կապակցությամբ: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկատնտեսական աջակցության համար:
ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները: Իր հերթին Լի Հուիլայը վերահաստատել է չինական կողմի սկզբունքային դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով:
Հայ և չինացի դիվանագետները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ: