Արմինֆո. Իրանի բարձրագույն ղեկավարության կողմից Ղարաբաղյան կարգավորման ուժային տարբերակի և խաղաղապահների տեղակայման անընդունելիության մասին հերթական հավաստումը բխում է Հայաստանի ու Արցախի շահերից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Օգոստոսի 6-ին Թեհրանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է, որ ԼՂ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով և իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը:
«Այդպիսով՝ Իրանի նախագահը հերթական անգամ հաստատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ուժ գործադրելու և խաղաղապահներ տեղակայելու անընդունելիությունն իր երկրի համար: Խորապես համոզված եմ, որ Ռոհանիի ՝ ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորման դեմ ուղղված այդ հայտարարությունը հասցեագրված է առաջին հերթին Ադրբեջանի ղեկավարությանը»,- նշել է նա:
Գրիգորյանը Թեհրանի՝ Բաքվին ուղղված մեսիջը հատկապես ակտուալ է համարում՝ ղարաբաղյան խնդիրը ուժի միջոցով կարգավորելու վերաբերյալ Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքների լույսի ներքո:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ ցանկացած պատրվակով օտարերկրյա զինվորականների տեղակայմանն Իրանի կտրականապես անհամաձայնությունը նույնպես չի հակասում հայկական պետությունների շահերին: Այս առումով ևս Ռոհանիի հայտարարությունները թերագնահատել չենք կարող»,- ամփոփել է քաղաքագետը:
Օգոստոսի 7-ին Թեհրանում ճեպազրույցի ժամանակ ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, նշելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանը շահագրգռվածությունը, Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության կոչ է արել: «Հուսով ենք, որ նրանք կարող են հաղթահարել առկա տարաձայնությունները», - նշել է Քասեմին՝ ընդգծելով, որ հակամարտության կարգավորումը կամրապնդի կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում:
Նրա ասելով, Թեհրանն ուշադիր հետևում է տարածաշրջանում առկա գործընթացներին և թույլ չի տա, որպեսզի Իրանին սահմանակից տարածքներում հակամարտությունը վնաս պատճառի Իրանի բնակչությանը: Քասեմին նաև ընդգծել է, որ Թեհրանին մտահոգում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում երրորդ ուժերի ներքաշման հեռանկարը: