Արմինֆո. Ժամանակն է հայ-իրանական նախագծերում խոսքից անցնել գործի, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:
Օգոստոսի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրանական ԶԼՄ-ներին հարցազրույցում հայտնել էր իրանական գազի՝ Հայաստանի տարածքով Եվրոպա տարանցման հնարավորությունների փորձագիտական մակարդակով քննարկումների մասին: Սարգսյանն ընդգծել էր այդ հարցում Իրանի հետ համագործակցելու Երևանի պատրաստակամությունը:
ՀՀ նախագահի նման հայտարարությունները քաղաքագետը շատ դրական է համարում՝ այդ մասին բարձրաձայնելու փաստը համարելով հայ-իրանական տնտեսական համագործակցությունում որոշակի տեղաշարժերի առկայության վկայությունը: «Սակայն, ԵԱՏՄ անդամ Հայաստանը շարունակում է կախված մնալ Մոսկվայից՝ ինչպես գազի տարանցման, այնպես էլ Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցում: Իսկ Մոսկվայում Հայաստանի տնտեսության զարգացման միջոցով իրական անկախության ձեռքբերմամբ շահագրգռված չեն: Եվ վասալի կարգավիճակից Հայաստանի ձերբազատումը կանխելու մեխանիզմներ Մոսկվան ունի. Հայաստանի բոլոր գազաբաշխիչ ցանցերը պատկանում են «Գազպրոմին», նույնիսկ Իրանից գազատարի հայկական հատվածը»,- նշել է նա: Այս առոևւմով, Գրիգորյանի խոսքով, Երևանը պետք է ինչ-որ կերպ համոզի Մոսկվային այսօր հարավում բացվող հնարավորությունների իրագործմանն ընդառաջելու անհրաժեշտության հարցում:
Թեհրանում հանդիպման ընթացքում Հայաստանի և Իրանի նախագահները կարևորել են մի շարք ոլորտներում իրականացվող խոշոր ծրագրերն ու նոր և հեռանկարային նախագծերի իրականացումը: Անդրադարձ է եղել հատկապես էներգետիկայի, մասնավորապես` գազի և էլեկտրաէներգետիկայի, ինչպես նաև տրանսպորտի և հաղորդակցության բնագավառներում, այդ թվում` Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային և տարանցիկ ուղիների օգտագործման կարևորությանը: Կարևորվել է նաև գազի և էներգետիկայի ոլորտներում եռակողմ` Իրան-Հայաստան-Թուրքմենստան ձևաչափով համագործակցության զարգացումը:
Կողմերը կարևորել են Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: