Արմինֆո.Երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն էին տարածել այն մասին, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ՝ արդյունքում վիրավորելով 13-ամյա մի երեխայի: Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում զետեղված հաղորդագրությունում կտրականապես հերքել է այդ ապատեղեկատվությունը:
«Կտրականապես հերքում ենք այդ ապատեղեկատվությունը և զգուշացնում ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ցանկացած սադրանք անպատասխան չի մնալու և ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: Երեկ երեկոյան և գիշերը սահմանին, ընդհանուր առմամբ, հանգիստ է եղել, հայկական ստորաբաժանումները առհասարակ որևէ զինատեսակից կրակ չեն արձակել: Իսկ ադրբեջանական քարոզչության կեղծիքն ի հայտ է գալիս հենց ներկայացված երեխայի վերքերի նկարներից, որոնցում երեխայի վերքերը ակնհայտորեն հին են և որևէ կապ չեն կարող ունենալ բեկորային վնասվածքների հետ», - գրել է ՊՆ մամուլի քարտուղարը: