Արմինֆո. Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ Իսրայելի հետաքրքրության աճը չնկատել բավական դժվար է, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Երուսաղեմում Կովկասը դիտարկում են՝ որպես մերձարևելյան տարածաշրջանին հարակից տարածաշրջան՝ աշխարհագրական, ռազմաքաղաքական և տնտեսական պատճառներով: Իսրայելի համար Հայաստանը և Ադրբեջանն իր գլխավոր աշխարհաքաղաքական հակառակորդ Իրանի հարևաններն են: Ըստ որում, Հարավային Կովկասի բոլոր պետությունները մերձարևելյան գործընթացներում ներգրավված՝ առանցքային խաղացողներ ԱՄՆ և Ռուսաստանի կամ դաշնակիցները, կամ հակառակորդներն են»,- նշել է նա:
Միաժամանակ, ըստ վերլուծաբանի, Կովկասը դասել իսրայելական արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերությունների թվին բավական դժվար է: Նրա կարծիքով, ավելի շատ Իսրայելը մտահոգված է Մերձավոր Արևելքով՝ պաղեստինյան հակամարտության կարգավորմամբ, Իրանի հետ սուր առճակատմամբ, արաբական աշխարհի, մասնավորապես՝ հարևան Եգիպտոսի և Թուրքիայի հետ հարաբերություններով:
Սակայն, վերջին 25 տարում, Մարկեդոնովի կարծիքով, իրավիճակը տեղում չի մնացել: Բարդ և հակասական փոփոխությունները Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում հանգեցրել են ճգնաժամի և նույնիսկ «սառը խաղաղության»: «Սյստեղից էլ Իսրայելում թուրքական շահերից հեռանալու և Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու պահանջ է առաջանում: Հատկապես վերջին տարիներին զգալիորեն մեղմացել է Երուսաղեմի հռետորությունը 1915 թ. իրադարձությունների առնչությամբ: Ավելին՝ կարծիք է ձևավորվել այդ իրադարձությունները ցեղասպանություն կոչելու օգտին: Սակայն, տարիներ գոյություն ունեցող միտումը կոտրելու համար բոլոր այդ դիրքորոշումները կրիտիկական զանգված չեն հավաքում»,- համոզված է վերլուծաբանը:
Մարկեդոնովը տեսնում է նաև Երուսաղեմի հետ պրագմատիկ հարաբերություններ կառուցելու Երևանի ձգտումը, ինչպես Հայաստանի կողմից արվում է ամերիկյան և եվրոպական ուղղություններով: Ըստ նրա, դա պայմանավորված է, այդ թվում, Ռուսաստանի և Իրանի հետ Արևմուտքի առճակատման աճով, ինչպես նաև Ղարաբաղի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների դիրքորոշումների գոյություն ունեցող կոնսենսուսին սպառնացող վտանգով: «Իրանի շուրջ իրավիճակը, Բարաք Օբամայի նախկին ուղեգծի՝ հօգուտ դիրքորոշումների խստացման վերանայելու Վաշինգտոնի պատրաստակամությունը, Սիրիայում հակամարտությունը, զգալի թվով փախստականներ ընդունելը պահանջում են առնվազն հայ դիվանագետների լուրջ խոսակցությունն Իսրայելից գործընկերների հետ»,- ամփոփել է վերլուծաբանը: