Արմինֆո. Իրանում զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակում 370.000 դոլար է հատկացվել ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված եկեղեցիները վերականգնելու համար:
Այդ մասին հայտարարել է Մշակութային ժառանգության, արհեստների ու զբոսաշրջության կազմակերպության ղեկավարի տեղակալ Մոհամադ-Հասան Թալեբիանը` հայկական Սուրբ Թադեի վանք այցելության ժամանակ:
Ինչպես հայտնում է «Իրանն այսօրը», Իրանի տարածքում գտնվող հայկական երեք եկեղեցիներ` Սուրբ Թադեի վանքը, Սուրբ Ստեփանոսի վանքը և Ձորձոր մատուռը ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: «Անհրաժեշտ է պահպանել պատմական եկեղեցիների տեսքը, դրա համար էլ Մշակութային ժառանգության կազմակերպությունը փորձում է հասարակության ուշադրությունը սևեռել դրանց՝ կրոնական արարողություններ կազմակերպելով ու վերականգնման նախագծեր իրականացնելով»,- նշել է Թալեբիանը:
Կազմակերպությունը նաև մտադիր է գրանցել 450 հայկական ու 150 ասորական եկեղեցիներ: ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների խոսքով, 2008 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սուրբ Թադեի վանքը, Սուրբ Ստեփանոսի վանքը և Ձորձոր մատուռն ընդգծում են հայ ճարտարապետության ավանդույթների հզորությունն ու վեհությունը: