Արմինֆո. Իրանի դեմ Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կրոնական պատերազմը Հայաստանին և Ռուսաստանին չի սպառնում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մերձավոր արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:
«Այդ պատերազմն առայժմ ընթանում է Իրաքի, Սիրիայի, Եմենի, Լիբիայի տարածքներում, սակայն, իմ կարծիքով, դրա պրոյեկցիան բուն Իրանի տարածքում միանգամայն սպասելի էր: Կարծում եմ, որ ամենամոտ հեռանկարում այդ դիմակայությունը կտարածվի նաև այն հրահրած Սաուդյան Արաբիայի, տարածաշրջանի որոշ այլ երկրների տարածքում:
Սատանովսկու գնահատմամբ, արաբական հատուկ ծառայոթյունների, սաուդիտների կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների միջոցով Իրանի նկատմամբ ճնշումը երկրի սահմանների ողջ երկայքով մշտական բնույթ է կրում` աստիճանաբար ընդգրկելով Մերձավոր արևելքի ողջ տարածաշրջանը:
Սակայն, Իրանի և սեփական խաղը վարող Թուրքիայի միջև կետային հակամարտությունների բարձր աստիճանը, միանշանակ, կանդրադառնա Հայաստանի վրա` ավելի լայնածավալ առճակատման վերաճելու դեպքում:
Ընդգծելով Թեհրանի ոչ մեծ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` Սատանովսկին նշել է Հայաստանի հետ Իրանի ավելի սերտ հարաբերությունները` քան Ադրբեջանի հետ: Վերլուծաբանը, ընդսմին, համոզմունք է հայտնել, որ Իրանը դրական դերակատարում ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի տնտեսությունների զարգացման գործում:
«Այդ ֆոնին Թեհրանը Բաքվի հետ հակասություններ և տարաձայնություններ ունի հարցերի ողջ սպեկտրի շուրջ: Եվ նման տարաձայնություններից մեկն էլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակի ընդունումից Ադրբեջանում կառավարող վերնախավի հրաժարվելն է», - ամփոփել է վերլուծաբանը: