Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևի հիմքում, որը ներկայացրել է այդ հակամարտության կարգավորման միջնորդի մանդատ ունեցող միակ կառույցը` ԵԱՀԿ Մինսկի խումբը (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա), ընկած է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքն ու բոլոր կողմերից այդ իրավունքի ճանաչումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ԻԻՀ այցի նախշեմին ԻՐՆԱ-ի հետ հարցազրույցում
Ընդ որում, ՀՀ նախագահը բարձր է գնահատել Իրանի աջակցությունը տարածաշրջանային հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման գործին: «Մենք բարձր ենք գնահատում Թեհրանի կշռադատված և սկզբունքային դիրքորոշումը միջազգային իրավական նորմերի հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Միևնույն ժամանակ, Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջազգային հանրության յուրաքանչյուր անդամի լավագույն ներդրումը կլինի Ադրբեջանի ապակառուցողական, սադրիչ քաղաքականության զսպումը և նրան կառուցողական դաշտ վերադարձնելը` հասցեական հայտարարությունների և Բաքվի գործողությունների առնչությամբ որոշակի միջոցների ճանապարհով:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ 1915 թվականին հայ ժողովուրդն Օսմանյան Թուրքիայում դարձել է ատելության և քսենոֆոբիայի զոհ, բնաջնջվել է 1,5 մլն հայ: «Ցավալի է, որ մեր Ժողովրդի նկատմամբ ատելության և քսենոֆոբիայի քաղաքականությունը մինչ օրս շարունակվում է, ինչը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին հիմնական խոչընդոտներից մեկն է», - ամփոփել է Հայաստանի ղեկավարը: