Արմինֆո.Ամերիկյան նոր պատժամիջոցներից բացասական էֆեկտը կարող է դրդել էլ ավելի մեծ էսկալացիայի՝ անկանխատեսելի հետևանքներով, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի և Վալդայան ակումբի փորձագետ, Al-Monitor-ի (ԱՄՆ) խմբագիր Մաքսիմ Սուչկովը:
«Այս առումով ամերիկյան պատժամիջոցները և դրանց ռուսական պատասխանը մեծ ողբերգություն է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ ԱՄՆ համար: Կարծում եմ, որ այդ դիմակայությունում պարտվողները միանշանակ ավելի շատ կլինեն, քան՝ հաղթողները: Իհարկե, պատժամիջոցները ցավոտ ազդեցություն են ունենում Ռուսաստանի վրա: Սակայն, դրանց նպատակն ամենևին տնտեսական վնաս հասցնելը չէ, այլ՝ Ռուսաստանի վարքագծի փոփոխությունը: Իսկ Վաշինգտոնի ճնշման ներքո Մոսկվան, կարծում եմ, մոտ ապագայում հաստատ չի փոխի վարքագիծը»,- նշել է փորձագետը:
Ըստ որում Սուչկովը նշում է, որ իրականում ԱՄՆ համար ցավոտ հակամիջոցներ ռուսական զինանոցում այնքան էլ շատ չեն, ինչը խոստովանում է նաև Կրեմլի ղեկավարությունը: «Իսկ ամենախիստ հակաամերիկյան միջոցները՝ տիեզերքում համագործակցության դադարեցում, ամերիկյան ընկերությունների աշխատանքի սահմանափակում, ամերիկյան արտադրանքի ներմուծման փոխարինում, կարող են վնասել Ռուսաստանին ոչ պակաս, քան ԱՄՆ-ին»,- ընդգծել է փորձագետը:
«Իհարկե, հիմքեր կան ենթադրելու, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս ձգտում է զերծ մնալ նման միջոցներից: Սակայն, կոնֆլիկտի շիկացման մակարդակն արդեն ենթադրում է վերջինիս մասնակիցների վարքի իներցիոն կառավարում: Իսկ դա տագնապ է հարուցում դրա հեռանկարների առնրչությամբ»,- ամփոփել է Սուչկովը: