Արմինֆո.Իրանի հետ առանց վիզային ռեժիմը հզոր խթան հանդիսացավ Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թվի աճի համար: Այդ մասին իրանական «Շարղ» օրաթերթին հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, հայկական կողմը կարևորում է երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկումը, ինչը դրական ազդեցություն ունի գործարար կապերի ընդլայնման, տնտեսական և ներդրումային հարաբերությունների ակտիվացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար: «Այսօր պատնեշների փոխարեն պետք է կամուրջներ կառուցել»,- իր գործընկեր, Իրանի նախագահ Հասան Ռուհանիի խոսքերն է մեջ բերել Սերժ Սարգսյանը: «Կարծում եմ՝ վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ որոշումը մեր ժողովուրդների միջև բարեկամության նոր կամուրջ է»,- նշել է Սարգսյանը:
Նրա խոսքով, դիտարկումների համաձայն՝ վիզային ռեժիմի չեղարկումից հետո արձանագրվել է իրանցի զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ: Ներկայումս, ՀՀ նախագահի խոսքով, Հայաստանում ձևավորվում է իրանցի զբոսաշրջիկի նախապատվություններին համապատասխանող տուրարտադրանք: Միաժամանակ, ինչպես հայտարարել է նախագահը, Հայաստանը հետևողականորեն զարգացնում է ոլորտը: «Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկում՝ զբոսաշրջիկների համար մեր երկրի գրավչությունը բարձրացնելու նպատակով»,- նշել է Սարգսյանը: Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում լրացուցիչ ենթակառուցվածքների ստեղծման, զբոսաշրջային ծառայության որակի բարձրացման, հայ ազգի պատմամշակութային հարուստ ժառանգության ներկայացման ուղղությամբ: Աշխատանքներ են տարվում նաև Հայաստան ավիաչվերթերի քանակի ավելացման ուղղությամբ:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա քաղաքացիների Հայաստան կատարած այցելությունների թիվը գերազանցել է 1.3 միլիոնը, տարեկան աճը`24.3%: Հայաստան կատարած այցելությունների թվով առաջին եռյակում են Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը: Հաշվետու ժամանակահատվածում ռուսաստանցիների այցելությունների թիվն աճել է 33,7%, մինչև 241 հազար: Երկրորդ տեղում է Վրաստանը` 151 հազար, տարեկան աճը`11%: Եռյակը եզրափակում է Իրանը`89.8 հազարի, տարեկան աճը`27.4%: Մասնավորապես, լավագույն տասնյակում են`ԱՄՆ քաղաքացիները (17,5 հազար), Ուկրաինան (12,7 հազ.), Ֆիլիպինները (10.9 հազ.), Գերմանիան (7.8 հազ.), Ֆրանսիան (7,6 հազ.), Հնդկաստանը (4.3 հազ.) և Լեհաստանը (4.3 հազար): Թիրախային շուկաների առումով Զբոսաշրջության պետական կոմիտեն
նշել է Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը, Պարսից ծոցի պետությունները և Արևմտյան Եվրոպան, որոնք հետ Հայաստանն ունի ուղիղ չվերթներ: Համաձայն կառավարության մինչև 2020 թ. ծրագրի, Հայաստանը մտադիր է տարեկան ապահովել զբոսաշրջիկների 3 մլն. այցելություն: