Արմինֆո. Հայաստանի և Իրանի հարաբերությունները վկայում են, որ տարբեր կրոններ դավանող ժողովուրդներ կարող են ապրել համերաշխ և արդյունավետորեն համագործակցել առանց բացառության բոլոր ոլորտներում: Այդ մասին իրանական «Շարղ» օրաթերթին հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, երկու երկրների միջև համագործակցության զարգացման արմատները գնում են դեպի անցյալի խորքերը: «Մեր երկրները հնամենի քաղաքակրթության ժառանգներն են՝ կապված հազարավոր տարբեր թելերով»,- հայտարարել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ վերջին 25 տարում Հայաստանի և ԻԻՀ հարաբերությունները մշտապես զարգանում են՝ ներառելով ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքականից մինչև առևտրատնտեսական, հումանիտարից մինչև մշակութային-կրթական:
Ըստ որում, ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը և Իրանը գտնվում են երկրագնդի առավել անկայուն տարածաշրջանների հարևանությամբ: «Այդ տարածաշրջաններում անկայունություն հարուցող տարրերը տեղափոխվում են այլ տարածաշրջաններ, ինչի հետևանքը վերջերս բարեկամական Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունն է: Այս պայմաններում անհրաժեշտ են միջազգային հանրության համախմբված ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու, արմատականության դեմ արդյունավետ պայքարելու համար»,- նշել է ՀՀ նախագահը՝ ափսոսանք հայտնելով այն առնչությամբ, որ որոշ երկրներ, հանուն այսրոպեական շահերի, համագործակցում են ահաբեկիչների հետ:
Ըստ էության, ընդգծել է Սերժ Սարգսյանը, Հայաստանը և Իրանը ոչ թե միջազգային անվտանգության սպառողներ են, այլ՝ դրա կերտողները: «Հայաստանը և Իրանը մեկ ընդհանրություն ունեն. մեր քաղաքականությունը հիմնված է արդարության հասնելու ձգտման վրա, ինչը շատ կարևոր է գոյություն ունեցող խնդիրների խաղաղ լուծման համար»,- նշել է նա:
Սարգսյանի խոսքով, Հայաստանի և ԻԻՀ հարաբերությունները յուրահատուկ և օրինակելի են: Նախագահն ընդգծել է, որ չօգտագործված մեծ ներուժ կա գիտության և կրթության բնագավառում համագործակցության առումով, մասնավորապես՝ անհրաժեշտ է ակտիվացնել ուսանողների փոխանակումը: