Արմինֆո. Ոչ միայն Ադրբեջանը, այլև առաջատար երկրներն «Իսկանդեր» համալիրների հրթիռները խոցելու հնարավորություն չունեն: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՀՀՀ եթերից, պատասխանելով Ադրբեջանի իր պաշտոնակից Զակիր Հասանովի այն պնդմանը, թե ադրբեջանական զինված ուժերն ունեն հակահրթիռային զենք, որն ի զորու է խոցել Հայաստանում տեղակայված «Իսկանդեր» համալիրների հրթիռները:
Նա հայտարարել է, որ դեռ չի ստեղծվել այնպիսի զենք, որն ի զորու է խոցել «Իսկանդերի» հրթիռները: Ինչ վերաբերում է «THAAD» հակահրթիռային համալիրներին, որոնց մասին խոսում է Հասանովը, ապա, Մնացականյանի ասելով, «Իսկանդերի» հրթիռի հետագծի առավելագույն բարձրությունն ավելի քան 100 կմ է, հրթիռի գրոհի անկյունն ավարտական հատվածում` մոտ 90±:
Այդ համատեքստում Լ.Մնացականյանն անդրարադարձել է նաև Հասանովի այն հայտարարությանը, թե Ապրիլյան պատերազմում Ադրբեջանը գործարկել է իր բանակի 15-20%-ից ոչ ավելին: «Փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանի բանակի այդ 15-20%-ը. տանկեր է հետևակի զրահամեքենաներ` մինչև 250-300 միավոր, հրետանի և ականանետներ` մինչև 45-500 միավոր, ժամանակակից և խոշոր տրամաչափի ՌՍԶՕ` մինչև 60 միավոր, հակատանկային միջոցներ` մինչև 600-700 միավոր, անձնակազմ` մինչև 20000: Եվ նա այդ մասին ասում է հպարտությամբ: Այսինքն, նրանք այդ ամենը կիրառել են ապրիլի մարտական գործողությունների ժամանակ և հասել են հաջողության, որը համադրելի է ընդամենը մեկ վաշտի մարտական առաջադրանքի կատարմանը», - նշել Մնացականյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի, եթե հայկական կողմը գոծարկի իր բանակի 15-20%-ը, Լևոն Մնացականյանն ասել է. «Եթե մենք գործարկենք մեր բանակի 15-20%-ը, արդյունքը, միանշանակ, մի քանի անգամ կգերազանցի ավելլի վաղ մեր արձանագրած արդյունքը. անվտանգության գոտին կընդլայնվի և կխորանա: 15-20%-ի կիրառման դեպքում մենք կունենանք այլ իրականություն, կարծում եմ, մոտ 5-10 տարվա ընթացքում, գուցե` ավելի երկար ժամանակ, հակառակորդը չի ձգտի մարտական գործողությունների վերսկսման»: -