Արմինֆո. Ադրբեջանական կողմի նոր հարձակման դեպքում հայկական ԶՈՒ կանցնի հակահարձակման և կընդլայնի Արցախի շուրջ անվտանգությւան գոտին: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՀՀՀ եթերից: Նրա հավաստմամբ, ադրբեջանական կողմի նոր հարձակման դեպքում հայկական կողմը կվերակագնի վերահսկողությունն այն դիրքերի նկատմամբ, որոնք 2016 թվականի ապրիլի մարտական գործողությունների ժամանակ անցել են ադրբեջանական կողմի վերահսկողությանը:
Իսկ ինչ վերաբերում է հակառակորդի դիվերսիաներին, ապա Մնացականյանի հավաստմամբ, դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր այլևս չկան, ոչ թե այն պատճառով, որ հակառակորդն այլևս ի վիճակի չէ դրանք ձեռնարկել, այլ այն պատճառով, որ հայկական կողմը թույլ չի տալիս դրանք իրագործել: «Սահմանի ողջ երկայնքով մենք վերահսկողություն ենք իրականացնում, այդ թվում` գիշերային պայմաններում», - հայտարարել է նա, հավելելով, որ վերջին նման փորձն Ադրբեջանի ԶՈՒ ձեռնարկել էին փետրվարին, և դրա արդյունքը բոլորին հայտնի է:
Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ նախորդ տարվա ապրիլի մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել էր Ադրբեջանի հատուկ նշանակության «052 Յաշմա» էլիտար ստորաբաժանումը, Մնացականյանը հայտարարել է, թե ադրբեջանական կողմին դիակների հանձնման ժամանակ եղել է փաստաթուղթ, որտեղ նշված է եղել «052 Յաշմա» բրիգաիդ 71-րդ կամ 72-րդ խումբը: «Դա ենթադրում է, որ «Յաշմա» բրիգադի 1000 զինծառայող եղել է մարտական գործողությունների գոտում և ոչնչացվել է: Այսինքն, բրիգադը ողջ կազմով գործարկվել է մարտական գործողություններին հյուսիսային ուղղությամբ: Թեև այսօր ադրբեջանական կողմը հայտարարում է, թե, իբր, իրենք չէին հարձակվել, չէին նախապատրաստվել, դա բոլորովին իրականությանը չի համապատասխանում: Մեր տեղեկություններով, միայն այդ բրիգադից ադրբեջանական կողմը կորցրել է ավելի քան 400 մարդ», - ասել է Լ.Մնացականյանը: