Արմինֆո.Հայկական ԶՈՒ լուրջ քայլեր են ձեռնարկել կրակային միջոցների համակարգերի հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՀՀՀ եթերից:
Նրա հավաստմամբ, հայկական կողմը ձգտել է իր հնարավորություններն ընդլայնել հատկապես տեսադիտարկման աշխատանքների ուղղությամբ, ընդլայնվել են կրակային միջոցների համակարգերի հնարավորությունները: «Եթե նախկինում մենք սահմանափակ պայմաններում ունեինք խնդիրներ, ապա այժմ վստահությամբ կարելի է ասել. անկախ կրակի որոշակի միջոցներից, մենք ցանկացած պայմաններում, գիշեր թե ցերեկ, կարող ենք արդյունավտ կրակ վարել: Բացի այդ, մեծացրել ենք կառավարման հնարավորությունները, ձեռք են բերվել ինչպես հետախուզական, այնպես էլ կրակային նոր միջոցներ, իրականացվել են դրանց փորձարկումներ, և արդյունքները հուսադրող են, արդյունավետ», - ասել է նա:
Արցախի պաշտպանության նախարարի ասելով, հատուկ ուշադրություն է դարձվել հակառակորդի կողմից ձեռնարկվող ամեն մի գործողության վաղ բացահայտման և կասեցման միջոցների ներդրմանը: Նրա ասելով, Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրականացվել են լայնածավալ ինժեներական աշխատանքներ: Նա վստահությամբ հայտարարել է, որ առաջնագծում չունենք որևէ հատված, որն ադրբեջանա կողմից դիտարկվում է: «Այսինքն, անցկացվել է համակարգված աշխատանք, և բարձրացվել է առաջնագծում զինծառայողների մարտական հերթապահության անվտանգության մակարդակը: Բացի այդ, շեշտադրումը կատարվել է մարզումների և զորավարժությունների ընթացքում անվտանգության ապահովման հարցերին», - ընդգծել է Լ.Մնացականյանը: Նա նաև հերքել է այն լուրերը, թե Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն առաջնագծում չեն ծառայում: «Արցախի պաշտպանության բանակում ծառայում են բոլոր պաշտոնյաների երեխաները», - հայտարարել է նա: