Արմինֆո. Շեկաղբյուրի բազմամետաղային հանքում րկրաբանահետախուզական աշխատանքեր սկսելու «Միռամ» ՓԲԸ նկրտումներն ապօրինի են: Հայաստանի լիազոր պետական կառույցների հավաստմամբ, «Միռամ» ՓԲԸ-ն, որը ձեռնամուխ է եղել աշխատանքների Լոռու մարզի Արդվի գյուղի մոտակայքում, անհրաժեշտ թույլատրելի փաստաթղթերի չի տիրապետում:
Իրավիճակի բուն էությունը և գյուղացիների բողոքների օբյեկտիվությունը պարզելու նպատակով ԱրմԻնֆո-ն դիմել է տարբեր իրավասու պետական կառույցների: Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալլա Սուքիասյանը գործակալության թղթակցին հայտնել է, որ «Միռամ» ՓԲԸ-ն համապատասխան բնապահպանական լիցենզիա չի ստացել, քանի որ արդվիցիների նախօրեի բողոքի ակցիայի պատճառով նախարարության փորձագետները չեն կարողացել գյուղ մտնել և անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարել»:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը հայտնել է, որ «Միռամ» ՓԲԸ-ն հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար դիմել է գերատեսչությանը, սակայն դեռևս այն չի ստացել, քանի որ դրանից առաջ Բնապահպանության նախարարությունը պետք է հանրային քննարկումներ անցկացներ գյուղի բնակիչների հետ, համապատասխան փորձաքննություններ անցկացներ և տա իր եզրակացությունը: «Էկոլոգների դրական եզրակացության առկայության դեպքում միայն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իրավունք ունի հանքի շահագործման լիցենզիա տալ»,- պարզաբանել է Թարփոշյանը:
Ինչ վերաբերում է հանքի շահագործման դեպքում Արդվիի տարածքում գտնվող պատմամշակութային ժառանգության ոչնչացման հնարավորության վերաբեյալ գյուղացիների մտավախություններին, դրանք փարատել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նա, մասնավորապես, հայտարարել է, գործակալությունը որևէ թույլտվություն չի տրամադրել հիշյալ ընկերությանը՝ աշխատանքներ իրականացնելու հատուկ պահպանվող տարածքներում, որտեղ գտնվում են պատմամշակութային հուշարձաններ: «Հետևաբար՝ այդ տեղանքում աշխատանքների իրականացման որևէ իրավունք ընկերությունը չունի: Առանց մեր գործակալության համապատասխան որոշման՝ դա ուղղակի հնարավոր չէ»,- հայտարարել է նա:
Մինչդեռ Արդվիի գյուղապետ Սամվել Կիրակոսյանն ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է, որ հակված չէ վստահելու պետական կառույցների հավաստիացումներին: «Բանն այն է, որ գյուղացիներին պետք է ներկայացվեին հանքի շահագործման պիլոտային ծրագիր, սակայն որևէ նախագիծ չի ներկայացվել»,- նշել է նա՝ ընդգխելով, որ երկխոսություն կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե այդ ծրագիրը ներկայացվի գյուղի բնակիչներին, և քննարկումների ընթացքում գյուղացիները հավանություն տան դրան: Նշենք, որ «Միռամ» ընկերությունը մտադիր է 2017-2020 թթ. իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ 140 հա տարածքում, որոնք գտնվում են գյուղական համայնքի հողերի և արոտավայրերի գոտում: Ի դեպ, ԶԼՄ-ների համաձայն, «Միռամ» ՓԲԸ բաժնետոմսերի հիմնական փաթեթն աֆիլացված պատկանում է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ով ծնունդով Լոռիից է: Սակայն, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Բաղդասարյանը կտրականապես հերքել է այդ տեղեկությունը: Ըստ որում, նա նշել է, որ դեմ չէ հանքի շահագործմանը: «Բայց եթե դա հակասում է բնապահպանական նորմերին և ոչնչացման վտանգի տակ է դնում գյուղի պատմամշակութային ժառանգությունը, հանքի շահագործումն անթույլատրելի է»,- հայտարարել է նա:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ