Արմինֆո.Զենքի վաճառքի առնչությամբ Իսրայելի դիրքորոշումը շատ պարզ է. նրանք պատրաստ են զենք վաճառել բոլորին, այդ թվում՝ Հայաստանին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի այցը Երևան:
Այն հարցին, թե արդյոք Հայաստանն այդ ուղղությամբ բանակցություններ է անցկացրել՝ Քոչարյանը պատասխանել է. «Հարցն այլ գերատեսչությանն է ուղղված»:
Միաժամանակ Թել Ավիվի ներկայացուցչի հետ հանդիպմանը Երևանը սպառազինությունների վաճառքի հարցը չի բարձրացրել, ինչպես նաև չեն քննակվել ռազմական համագործակցության հեռանկարները: ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով, մեկ բան է խոսել զենքի վաճառքի մասին, մեկ այլ բան՝ ռազմական համագործակցություն հաստատել: «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Երկիրը մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի մի շարք ծրագրերի»,- պարզաբանել է Քոչարյանը:
Նախօրեին պաշտոնական այցով Երևան է ժամանել Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը Ցախի Հանեգբին նշել է, որ այցի նպատակն է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքում տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, գյուղատնտեսության բնագավառներում բացահայտել այն ուղղությունները, որոնց շրջանակում երկու երկրները կարող են գործնական փոխշահավետ համագործակցություն ծավալել: Նա նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու բազմաթիվ հնարավորություններ կան, և Իսրայելի կառավարությունը պատրաստ է ՀՀ կառավարության հետ ակտիվ աշխատել դրանք կյանքի կոչելու ուղղությամբ: