Արմինֆո.Սարգսյան-Ալիև հանդիպման առնչությամբ վերջնական որոշում դեռ չկա, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա նշել է, որ նախագահների մակարդակով հանդիպում անցկացնելու առաջարկ ստացվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, բայց առայժմ կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել, նշել է նա:
Անդրադառնալով Հայաստանի հետ սահմանին և ԼՂՀ հետ շփման գծում միջադեպերի հետաքննումից Ադրբեջանի հրաժարվելուն՝ Քոչարյանը նշել է. «Մենք գործ ունենք պետության հետ, որը գործում է՝ «Ո՞վ է ավելի բարձր գոռում՝ «բռնիր գողին»: Եվ միայն «գողին» է շահեկան, որպեսզի հետաքննության մեխանիզմներ չներդրվեն» Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Արտյոմ Կոժին հայտարարել էր, որ Ալիև-Սարգսյան հանդիպման անցկացման վայրը դեռ որոշված չէ: Նրա խոսքով, ավելի վաղ «Իզվեստիա» թերթում տպագրված տեղեկատվությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում, չի համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ հուլիսի 11-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման արդյունքների համաձայն հանդես են եկել հայտարարությամբ, որում նշել են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների արտաքին քաղաքկաան գերատեսչությունների ղեկավարների հաջորդ հանդիպումն անցկացնել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Նշվել է նաև, որ ջանքեր են գործադրվում մինչև ընթացիկ տարվա վերջը բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու համար: Այս առնչությամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ նման հանդիպում կարող է անցկացվել ընթացիկ տարվա սեպտեմբերին: Ըստ որում, նա ավելացրել է, որ առանձնակի սպասումներ նման հանդիպումից Երևանը չունի: