Արմինֆո. Հայաստանի ռազմական բյուջեի ավելացման հիմնական օգուտը բանակում մահվան դեպքերի նվազումն է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
Հուլիսի 17-ին Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողներին հաղորդել է 2018 թվականից պաշտպանության տարեկան ծախսերը 60 մլն դոլարով ավելացնելու կառավարության որոշման մասին:
«Իմ կարծիքով, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մարտական գործողությունների վերսկսման ավելի քան իրական հեռանկարի ֆոնին Հայաստանի ռազմական բյուջեի ավելացումը հարկադրված միջոց է: «Տարածքներ պոկելու» քաղաքականությունը համարելով հաջող` Բաքվում ակնհայտորեն մտադիր են այն շարունակել: Բնական է, որ դա Երևանին ու Ստեփանակերտին ստիպում է մեծացնել պաշտպանունակությունը», - նշել է նա:
Փորձագետի կանխատեսմամբ, նոր միջոցները, հիմնականում, կուղղորդվեն Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը: Մասնավորապես, ավելի շատ միջոցներ կհատկացվեն հայկական հարվածային թռչող ապարատների արտադրությանը, որը վերջին տարիներին հաջողությամբ զարգանում է: Եվսեևը նաև անհրաժեշտ է համարում Ադրբեջանի ԶՈՒ հետ շփման գծի ողջ երկայնքով Հայաստանի և Արցախի բանակների ապահովումը գիշերային տեսանելության և վերահսկողության համակարգերով: