Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միացյալ զորախմբավորման շուրջ համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Ըստ ՏԱՍՍ-ի, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Համաձայնագիրն ստորագրել են երկու պետությունների պաշտպանության նախարարները 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում։ Ըստ համաձայնագրի, միացյալ զորախմբի խնդիրն է Հայաստանի և Ռուսաստանի դեմ զինված հարձակման անմիջական նախապատրաստման ժամանակին բացահայտումն ու դրա հետ մղումը, մասնավորապես՝ երկու երկրների պետական սահմանի ցամաքային մասի պաշտպանությունը, այդ թվում` ՀԱՊԿ ուժերի և միջոցների հետ համատեղ, օդատիեզերական տարածությունում Հայաստանի և Ռուսաստանի պետական սահմանի պաշտպանությունը, հակաօդային պաշտպանությունը, երկու երկրների զինված ուժերի փոխգործակցությամբ հակառակորդի ներխուժած զորքերի խմբավորումների ջախջախումը և այլն: Միացյալ խմբավորման կառավարման համար ստեղծվում է միացյալ հրամանատարություն: Համաձայնագրով սահմանվում է հրամանատարի նշանակման կարգը, նրա լիազորություններն ու ենթակայությունը խաղաղության և պատերազմի ժամանակ, ինչպես նաև միացյալ հրամանատարության ձևավորման հարցերը ագրեսիայի անմիջական սպառնալիքի շրջանում և պատերազմի ժամանակ, ինչպես նաև խմբավորման կառավարման միացյալ համակարգի ստեղծման հարցերը: Միացյալ խմբավորման ծավալման և կիրառման մասին որոշում են կայացնում ՌԴ և Հայաստանի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարները` համատեղ: