Արմինֆո.Արդեն այսօր կարելի է կանխատեսել Իրանի և Ռուսաստանի նկատմամբ ճնշման խստացում` լրացուցիչ պատժամիջոցների կիրառման և տարաբնույթ «զսպող» դաշինքների կազմակերպման միջոցով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը:
«Օրինակ, բավական է նայել Պորոշենկոյի վարչակազմին աջակցությանը, Ռուսաստանի սահմանները կենսաբանական լաբորատորիաների օղակով շրջապատելու ձգտմանը: Ընդ որում, Կատարի ճգնաժամը և Սիրիայի շուրջ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները նման գծի ձախողման հեռանկարների ակնհայտ վկայությունն են: Օրերս ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է ՌԴ և Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման վերաբերյալ դեմոկրատների և հանրապետականների նոր համատեղ նախագիծ, որը ենթադրում է ֆինանսական և նավթի-գազի ոլորտներում համագործակցության հետագա սահմանափակում, հորդորում է պայքարել «Հյուսիսային հոսքի» դեմ` որպես սպառնալիք «եվրոպական էներգետիկ անվտանգությանը»: Դրա ընդունման դեպքում Թրամփը չի կարող Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկել` առանց Կոնգրեսի հետ համաձայնեցման», - նշել է նա:
Արեշևն արևմտյան գործընկերներից չի ակնկալում նաև այլ պետությունների ներքին գործերին միջամտելու ավանդական փորձից հրաժարում: Այդ առնչությամբ նա բավականին ակնհայտ է համարում «Իրանի ազգային դիմադրության» վերջին հավաքը եվրոպական երկրներից մեկում: Այդ ֆոնին Պենտագոնի ղեկավար Մեթիսը հայտարարում է առանց վարչակազմի փոփոխության Իրանի հետ հարաբերությունների կարգավորման անհնարինության մասին: Փորձագետը նաև հիշեցնում է մեղադրանքների ավանդական հավաքակազմի` «հրթիռային ծրագրի», «ահաբեկչությանն աջակցության», «մարդու իրավունքների» և այլնի մասին:
Փորձագետն ափսոսանքով նշել է, որ «Թեհրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև գործողությունների հմատեղ և հանմապարփակ ծրագիրը» գնալով ավելի է վերածվում Դոնալդ Թրամփի շրջապատի զգալի մասի կոշտ հակաիրանական գծի պատանդի, ինչը պակաս որոշակի է դարձնում այդ փաստաթղթի լիակատար և համապարփակ իրագործման հեռանկարները:
Նրա գնահատմամբ, Վաշինգտոնը բնավ չի այրվում միակողմանի սահմանափակումները վերացնելու ցանկությամբ: Ավելին, փետրվարի սկզբին արդեն Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ սահմանեց հերթական պատժամիջոցներ` որպես պատրվակ օգտագործելով Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումները: Իսկ հունիսի կեսին Սենատն ընդունեց հերթական խտրական փաստաթուղթը, որը վերաբերում է նաև երրորդ երկրներին և կազմակերպություններին, այդ թվում` Ռուսսատանին, ինչը ոչ բարեկամական վերաբերմունքի ակնհայտ դրսևորում է:
«Այդ ֆոնին ստեղծվում է տպավորություն, որ ԱՄՆ օրենսդիրները և վարչակազմի ազդեցիկ մասն անում են ամեն ինչ` Մոսկվայի և Թեհրանի հետ երկխոսության հնարավոր ջերմացումը հենց սաղմնային վիճակում կասեցնելու նպատակով: Միջազգային մեկուսացումից Իրանի հետագայում դուրս գալը ձեռնտու է բնավ ոչ բոլորին, ներառյալ բարձր պետական պաշտոններ զբաղեցնող խոշոր գործարարներին, որոնք ձգտում են փոխել համաշխարհային էներգետիկ շուկաները` սեփական շահերին համապատասխան: Այդ լույսի ներքո արհեստական առևտրային սահմանափակումներն այսուհետև էլ կօգտագործվեն որպես քաղաքական ճնշման լծակ, ինչը մենք տեսնում ենք ամենևին ոչ միայն Իրանի նկատմամբ: Յուրաքանչյուրը գործում է սեփական երկրի և կորպորացիաների շահերից ելնելով, սակայն համատարած ուժային ճնշման քաղաքականությունն աստիճանաբար դառնում է ավելի անարդյունավետ», - ամփոփել է Արեշևը: