Արմինֆո.Հուլիսի 23-ին Տաշքենդի «Surb Filipos» Հայ Առաքելական Եկեղեցում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ՝ նվիրված Վարդավառին /Քրիստոսի Պայծառակերպության տոնին/:
Տոնական միջոցառումներին որպես հյուր մասնակցել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը /նստավայրը՝ Աստանա/: Տոնական միջոցառումներն սկսվել են Սուրբ Պատարագով, որը վարել է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի «Surb Filipos» եկեղեցու առաջնորդ Տեր Հովհաննեսը: Պատարագից հետո դեսպանը շնորհավորել է համայնքին տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն:
Նշենք, որ Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թափոր լեռն աղոթելու։ Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպությանե և «Այլակերպությանե հրաշքի։ Պայծառակերպության տոնը նախապես տոնվում էր Հայոց տոմարի տարեգլխին` Նավասարդ ամսի առաջին օրը` օգոստոսի 11-ին: Հետագայում, երբ 551թ Մովսես Բ Եղիվարդեցի կաթողիկոսի կողմից փոփոխություններ կատարվեց հայոց տոմարում` փոփոխվեց և տոմարի կատարման ժամանակը: Պայծառակերպության տոնը փոխադրվեց Զատիկից 14 շաբաթ հետո եկող կիրակին: Մտնելով զատկական շրջանի մեջ` Վարդավառը անցավ շարժական տոների շարքը և կարող է նշվել 35 օրերի ընթացքում` Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Վարդավառին հաջորդող օրը մեռելոց է՝ հիշատակի օր, երբ ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Սբ. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ։ Նախաքրիստոնեական Հայաստանում Վարդավառը կապվում էր հայկական դիցաբանության սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ:
Նշենք, որ «Surb Filipos» եկեղեցու շենքը նվիրաբերվել է թեմին 2001 թվականին և չի ունեցել եկեղեցու կարգավիճակ: Եկեղեցու պաշտոնական կարգավիճակ ստացել է 2007 թվականին, ինչից հետո սկսվել է շենքի վերակառուցումը, որն ավարտվել է 2014 թ. մայիսին: Այսօր եկեղեցին մեծ ժողովրդականություն է վայելում Ուզբեկստանի հայ համայնքի շրջանում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ