Արմինֆո. Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը Մոսկվայի և Երևանի հարաբերությունների օրակարգի բարդ հարցերից մեկն է: Մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահմ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը:
Նա ընդգծել է, որ այդ հարցը պահանջում է լուծում, սակայն դա հանրային քննարկման ենթակա չէ: «Այն ենթակա է փակ ձևաչափով քննարկման և լուծման», - հայտարարել է Աշոտյանը, ընդգծելով, որ այդ հարցը քննարկվել է նաև վերջերս ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության Ռուսաստան այցի շրջանակում կայացած հանդիպումների ժամանակ: Աշոտյանի համոզմամբ, ռուսաստանցի շատ գործընկերներ կիսել են այդ առնչությամբ հայկական կողմի մտահոգությունը:
«Այդ հարցը պետք է ստանա իր լուծումը, քանզի համոզիչ չեն ռուսական կողմի այն հիմնավորումները, թե Ադրբեջանին զենք վաճառելով Մոսկվան լուծում է որոշակի տնտեսական և ռազմավարական խնդիրներ», - ամփոփել է Աշոտյնաը: