Արմինֆո.Այսօրվա դրությամբ ոչ մի տնտեսական կամ քաղաքական հիմք չկա ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու համար: Լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ԵԱՏՄ կազմից Հայաստանի դուրս գալու անհրաժեշտության վերաբերյալ «Ելք» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը:
Աշոտյանի համոզմամբ, ԵԱՏՄ տնտեսական համագործակցության ձևաչափ է, որն, անշուշտ, ունի աշխարահաքաղաքական բնույթ: «Փոքր երկրները մրցունակ չեն աշխարհում, եթե չեն կարող ազատ տնտեսական հարաբերություններ ունենալ ավելի լայն ձևաչափերով», - ասել է Աշոտյանը, հավելելով, թե Եվրամիությունում չեն սպասում ոչ միայն Հայաստանին, այլ, նույնիսկ, այն երկրներին, որոնք ստորագրել են ասոցացման համաձայնագիր, օրինակ` Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային:
Անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի երեկվա հանդիպմանը և ռուս-ադրբեջանական հարաբերություններին` ՀՀԿ փոխնախագահը նշել է, որ դիվանագիտական արարողակարգի շրջանակում պետությունների ղեկավարները կարող են հանդիպել, սակայն դա ամենևին երկրների միջև լավ հարաբերությունների մասին չի վկայում:
Աշոտյանը չի շրջանցել նաև Արցախի վերջին ընտրություևնները, որոնց արդյունքում Բակո Սահակյանն իր լիազորությունները երկարաձգել է մինչև 2020 թիվը: Աշոտյանը, մասնավորապես, չի համաձայնել լրագրողների այն ակնարկին, թե վերջին ընտրություններն Արցախը հավասարեցրեցին Ադրբեջանին, որտեղ նույնպես սահմանադրական բարեփոխումների արդյունքում Ալիևի իշխանությունը նախագահի պաշտոնում երկարաձգվել է երրորդ ժամկետով: Իր դիրքորոշումը ամրապնդելու համար Աշոտյանը նշել է այն փաստը, որ Բակո Սահակյանը, լինելով նախագահ, շրջում է առանց թիկնապահների: «Ինչպե՟ս կարելի է Սահակյանին համեմատել Ալիևի հետ. դուք երբևէ տեսե՟լ եք, որ Ալիևը շրջի առանց թիկնապահների, մինչդեռ Սահակյանը մշտապես այդպես է վարվում», - վրդովվել է ՀՀԿ փոխնախագահը: