Արմինֆո. Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը Բակո Սահակյանին շնորհավորել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Իր շնորհավորական ուղերձում Վալանսի քաղաքապետը նշում է, որ ժողովրդավարական գործընթացի արդյունքում Բակո Սահակյանը ստացել է խորհրդարանի պատգամավորների ձայների երկու երրորդից ավելին: Ըստ Դարագոնի՝ այս գործընթացն արմատապես տարբերվում է Արցախի հարևան Ադրբեջանում ձևավորված ավտորիտար իշխանությունից:
«Այս թափանցիկ և ընդդիմության իրավունքները հարգող ընտրությունն աշխարհի այս տարածաշրջանում պատիվ է բերում ժողովրդավարությանը, որը խաղաղության երաշխիքն է»,- ասվում է ուղերձում: Նիկոլա Դարագոնը հիշեցրել է նաև, որ Վալանսը բազմաթիվ կապերով կապված է Արցախի քաղաքների հետ և ապագայում էլ պատրաստվում է ամրապնդել համագործակցությունը նրանց հետ:
Վերջին ընտրություններում Բակո Սահակյանն ստացել է Արցախի խորհրդարանի պատգամավորների 75%-ի աջակցությունը` դրանով իսկ ապահովելով իր պաշտոնավարումը մինչև 2020 թիվը: Արցախում վերջին սահմանադրական բարեփոխումների համաձայն, հանրապետությունն անցնում է կառավարման լիակատար նախագահական ձևի: